Լարված իրավիճակ Արշալույս համայնքում. բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում արդեն մի քանի օր է՝ բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ՝ ընդդեմ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի, որը նաև Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։

Tert.am-ը կապ հաստատեց Արշալույս համայնքում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որը տեղեկացրեց՝ համայնքում իրավիճակը լարված է, քանի որ մարդիկ շարունակում են բողոքել համայնքապետից, իսկ գյուղապետարանի աշխատանքն արդեն 4-5 օր է խոչընդոտվում է։

«Հավաքված մարդիկ չեն թողնում, որ գյուղապետարանի աշխատակիցները մուտք գործեն։ Այստեղ էին եկել նաև ոստիկանության աշխատակիցներ, քանի որ հավաքների ազատության օրենքի համաձայն հեռավորությունը ապահովելու խնդիր կա, ինչը չէր պահպանվել, մարդիկ դրանից ավելի բարկացան»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ այս պահին իրավիճակն ավելի հանգիստ է։ Նրա խոսքով՝ ինքը խոսել է թե՛ ցուցարարների, թե՛ համայնքի ղեկավարի հետ։

«Համայնքի ղեկավարը չցանկացավ ցուցարարների ներկայությամբ խոսել ինձ հետ ՝ նշելով, որ ցուցարարներն իրեն վիրավորում ու հայհոյում են։ Փորձեցի բացատրել, որ համայնքի  ներկայացուցիչների կողմից, եթե նման վերաբերմունք կա, նշանակում է, որ ինչ-որ հարցերում թերացել է։ Ամեն դեպքում նա հրաժարվեց մոտենալ հավաքի վայր, և նրան առաջարկեցի այլ՝ չեզոք տեղում հանդիպել։ Մենք հանդիպեցին գյուղի փոստում, մեզ հետ էր նաև ցուցարարների ներկայացուցիչը։ Մեկ ժամից ավել խոսել ենք, քանի որ փորձում էինք գոնե ժամանակավոր լուծում գտնել խնդրին, որպեսզի գյուղի բնականոն կյանքը վերականգնի»,- մանրամասնեց պատգամավորը։

Թագուհի Ղազարյանը հավելեց, որ Արշալույս համայնքի բնակիչները դժգոհում են համայնքի ղեկավարի խտրական վերաբերմունքից՝ կապված հարկահավաքության և այլնի հետ։ Պատգամավորը հորդորել է գյուղապետին՝ համաչափ վերաբերմունք ունենալ, փոխարենը Զարզանդ Գրիգորյանը պատասխանել է, որ մինչև մայիս, այսինքն՝ գյուղացիական աշխատանքների շրջան, հարկահավաքության մեթոդներ չի կիրառի։

«Կարծում եմ՝ սա ժամանակավոր լուծում է, սակայն խնդիրները միայն սրանք չեն, քանի որ համայնքի ներկայացուցիչներն այլ խնդիրներ են նաև բարձրաձայնում։ Ստորագրահավաքին միացած մարդիկ բազմաթիվ խնդիրներ են ներկայացնում, բայց գյուղապետը հերքում է, թե ինքը համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքն ունի»,- պատմեց Թագուհի Ղազարյանը։

Արշալույս համայնքի ղեկավարի դեմ ստորագրահավաքին այս պահին միացել են 700-ից ավել մարդիկ։ Թագուհի Ղազարյանը հավելեց, որ առայժմ որևէ կոմպրոմիսային տարբերակի կողմերը չեն եկել։

«Բայց ես գիտեմ, որ այս տարվա ընթացքում համայնքապետերի արտահերթ ընտրություններ են նշանակված, այդ թվում՝Արշալույս համայնքում։ Փորձեցի լուծում առաջարկել, որ գոնե մինչև արտահերթ ընտրությունները խաղաղ ու համակեցության կանոնները պահելով ապրեն»,- շարունակեց Ղազարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով